Երբ «ինչ անել» հարցը ստանում է գործնական պատասխան
Անվտանգության մշակույթի ձևավորումը սկսվում է վաղ տարիքից։ Սակայն, անվտանգության կանոններն իմանալը դեռ բավարար չէ․ կարևոր է նաև կարողանալ այդ գիտելիքները կիրառել գործնականում։
Հենց այս մոտեցմամբ՝ «Սովորենք, խաղանք, փորձենք» սկզբունքով, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի մասնագետները Երևանի թիվ 104 մանկապարտեզում իրականացրել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարձրացմանն ուղղված ուսուցողական և գործնական միջոցառումներ։
Մանկապարտեզի տնօրենի նախաձեռնությամբ` կազմակերպված միջոցառումները ներառել են աշխատակիցների ուսուցում, երեխաների հետ ինտերակտիվ պարապմունք և գործնական վարժանք։
Աշխատակիցների ուսուցում: Մանկապարտեզի աշխատակիցների, այդ թվում՝ աղետների ռիսկի կառավարման պլանով նախատեսված պատասխանատուների համար իրականացվել է ուսուցում՝ արտակարգ իրավիճակներում գործողությունների, պատասխանատվությունների բաշխման, հրդեհի և երկրաշարժի դեպքում արձագանքման, ինչպես նաև կազմակերպված տարահանման վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախապես պլանավորման, գործողությունների համաձայնեցման և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության կարևորությանը։
Երեխաների հետ ինտերակտիվ պարապմունք: Մանկապարտեզի ավագ խմբերի շուրջ 60 սան մասնակցել է ինտերակտիվ ուսուցողական պարապմունքին, որի ընթացքում երկրաշարժի և հրդեհի դեպքում անվտանգության հիմնական կանոնները ներկայացվել են երեխաների տարիքին համապատասխան՝ պարզ, մատչելի և խաղային ձևաչափով։
Գործնական վարժանք: Միջոցառումներն ամփոփվել են «Երկրաշարժի դեպքում արձագանքման գործողությունների իրականացումը» թեմայով գործնական պարապմունք՝ մանկապարտեզի ամբողջ անձնակազմի և սաների մասնակցությամբ։
Վարժանքի ընթացքում իրավիճակի պարբերական փոփոխություններն ու բարդացումները, ինչպես նաև պայմանական տուժածների մասնակցությամբ խաղարկումները մասնակիցներին կանգնեցրել են արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և միաժամանակ մի քանի խնդիր լուծելու անհրաժեշտության առաջ։
Հատկապես ուշագրավ էին վարժանքի արդյունքների քննարկման ընթացքում աշխատակիցների դիտարկումները։ Նրանց գնահատմամբ՝ իրավիճակի շարունակական փոփոխություններն ու պայմանական տուժածների հետ կապված խաղարկումները ստեղծել էին բավականին սթրեսային միջավայր՝ ակնառու դարձնելով, թե իրական արտակարգ իրավիճակում որքան արագ կարող են բարդանալ գործողությունների կառավարումն ու համակարգումը, և ինչպես կարող է չնախատեսված զարգացումների պայմաններում առաջանալ խառնաշփոթ։
Այս փորձառությունը մասնակիցներին հնարավորություն է տվել ավելի լավ պատկերացնելու այն դժվարությունները, որոնց կարող են բախվել իրական արտակարգ իրավիճակում, և գիտակցելու նախապես մշակված գործողությունների, հստակ պատասխանատվությունների ու գործնական պատրաստվածության կարևորությունը։
ԱՌՆԱՊ հիմնադրամը կարևորում է անվտանգության մշակույթի ձևավորումը վաղ տարիքից՝ միաժամանակ ընդգծելով կրթական հաստատությունների աշխատակիցների պատրաստվածության և գործնական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։
«Սովորենք, խաղանք, փորձենք» մոտեցման հիմնական գաղափարը պարզ է․ անվտանգության մասին գիտելիքը պետք է ամրապնդվի գործնական փորձով և վերածվի ճիշտ գործելու հմտության։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia