24 հուլիսի 2026

Աղետների և կլիմայական ռիսկերի հետ աշխատելը Արթիկ համայնքի առաջնահերթություններից է

«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին ԱՌՆԱՊ հիմնադրամն` շվեցարական planval կազմակերպության գործընկերների հետ Արթիկ համայնքում անցկացրել է նախատեսված չորս աշխատաժողովից առաջինը։

Աշխատաժողովի նպատակն էր համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել Արթիկին սպառնացող աղետների և կլիմայական ռիսկերը, գնահատել դրանց ազդեցությունը համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ուղղությունների վրա, առանձնացնել այն խնդիրները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում։

Աշխատանքի հիմքում դրվել են 2023 թվականին ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացված՝ Արթիկ համայնքի կլիմայական ռիսկերի գնահատման արդյունքները։ Դրանք հնարավորություն են տվել քննարկումները կառուցել արդեն իսկ բացահայտված վտանգների և ռիսկերի շուրջ՝ միաժամանակ հաշվի առնելով մասնակիցների գիտելիքն ու փորձը։

Խմբային քննարկումների արդյունքում` որպես առավել խոցելի ոլորտներ, առանձնացվել են գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսները, ինչպես նաև բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Մասնակիցներն այնուհետև քննարկել են այս ոլորտներին առնչվող հիմնական ռիսկերը և դասակարգել դրանք՝ ըստ կարևորության և համայնքի՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու աստիճանի։

Աշխատաժողովը գործընթացի առաջին քայլն է։ Հաջորդ հանդիպումների ընթացքում աշխատանքը կշարունակվի՝ աստիճանաբար հստակեցնելով այն խնդիրները, որոնց լուծումը համայնքի համար առավել առաջնահերթ է։

Չորս աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է ընտրել երկու հրատապ խնդիր և դրանց լուծման համար մշակել ծրագրային առաջարկներ։ Դրանք կտրամադրվեն համայնքին՝ ֆինանսավորման հնարավոր աղբյուրներին ներկայացնելու և անհրաժեշտ միջոցներ ներգրավելու նպատակով։

Աշխատաժողովի սկզբում planval կազմակերպության մասնագետները ներկայացրին Արթիկ խոշորացված համայնքի համար իրականացված կլիմայի փոփոխության մոդելավորման արդյունքները, որոնք հետագայում հիմք ծառայեցին աշխատանքային խմբերում ծավալված քննարկումների համար։ Մոդելավորումն իրականացվել է շվեյցարական CHELSA բարձր տարածական լուծաչափով կլիմայական մոդելի հիման վրա, որը, օգտագործելով տարածաշրջանային կլիմայական մոդելների արդյունքները և Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանույթան և մոնիթորինգի կենտրոնի դիտարկումները, ներկայացնում է համայնքի մակարդակով 2041–2070 և 2071–2100 թվականների կլիմայական կանխատեսումները։ FORACCA ծրագրի շրջանակում մշակված կանխատեսումներն ու դրանց հիման վրա հաշվարկված կլիմայական ցուցանիշները, որոնք վերաբերում են ջրային ռեսուրսներին, գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը, աղետների ռիսկերին և ենթակառուցվածքների վրա կլիմայի ազդեցությանը, ներկայացվել էին պարզ և մատչելի ձևաչափով՝ համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն տալով քննարկումները հիմնավորել գիտական տվյալների և ապագա կլիմայական սցենարների վրա։

Ծրագրի գործընկերների և Արթիկի համայնքապետարանի միջև կնքվել է նաև համագործակցության հուշագիր՝ ուղղված Արթիկ համայնքում աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության և հարմարվողականության կարողությունների զարգացմանը։

Հարկ է նշել, որ նույն ծրագրի սահմաններում նմանատիպ աշխատանք է ընթանում Փամբակ համայնքի Բազում բնակավայրում, որն իրականացվում է ծրագրի գործընկեր «Շեն» հասարակական կազմակերպության կողմից։

Ի դեպ FORACCA ծրագրի շրջանակում 2025-2026թթ-ին նույն տրամաբանությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամը և «Շեն» հասարակական կազմակերպությունը աշխատել են Ապարան համայնքում և Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում: