2 նոյեմբերի 2026

Աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման արդյունքները՝ համայնքների քննարկման սեղանին

Օգոստոս–հոկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք աշխատանքներ և գրանցվել է հետևյալ առաջընթացը։

1.     Չարենցավան, Գավառ և Սևան համայնքներում համայնքային իշխանություններին ներկայացվել են իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկվող լուծումների փաթեթները։ Քննարկումների ընթացքում համայնքները ներկայացված լուծումներից առանձնացրել են իրենց համար գերակա լուծումները՝ առնվազն 3 լուծում համայնքային մակարդակում և 3-ական լուծում յուրաքանչյուր բնակավայրի համար։

Համայնքների կողմից գերակա ընտրված լուծումները ներառվել են ուսումնասիրությունների հաշվետվություններում, որոնք շուտով կհրապարակվեն ԱՌՆԱՊ հիմնադրամի պաշտոնական կայքում։

2.    Նույն երեք համայնքների համար ծրագրի ֆինանսական փորձագետը մշակել է երկուական առաջնահերթ լուծումների իրականացման ծրագրեր։ Դրանք, ուսումնասիրությունների հաշվետվությունների և վտանգների, կարողությունների ու խոցելիության սխեմատիկ պատկերների հետ միասին, կտրամադրվեն համայնքային իշխանություններին։

3.    Բաղրամյան, Բյուրեղավան և Վաղարշապատ համայնքներում ծրագրային թիմն ավարտել է տվյալների հավաքագրման ամբողջ գործընթացը՝ կիրառելով նախատեսված գործիքակազմը։ Պատրաստ են նաև ուսումնասիրությունների նախնական հաշվետվությունները, որոնք ներկայումս լրամշակման և համայնքային իշխանություններին ներկայացնելու նախապատրաստական փուլում են։

4.    Նոր Հաճըն, Հրազդան և Արմավիր համայնքներում տվյալների հավաքագրման գործընթացը մոտենում է ավարտին։ Մնացել է իրականացնել ֆոկուս-խմբային քննարկումները, որոնք նախատեսված են նոյեմբերին։

5.    Ակունք համայնքում ավարտվել են երկրորդային տվյալների հավաքագրումը և բնակիչների շրջանում զանգվածային հարցումները։

Առաջիկա ամիսներին (նոյեմբեր-հունվար) նախատեսվում է ավարտել տվյալների հավաքագրման ամբողջ գործընթացը ծրագրում ընդգրկված համայնքներում, մշակել բոլոր համայնքների ուսումնասիրությունների հաշվետվությունները, քննարկել արդյունքներն ու առաջարկվող լուծումները համայնքային իշխանությունների հետ և քննարկումների արդյունքների հիման վրա կատարել անհրաժեշտ լրացումներն ու վերջնականացնել հաշվետվությունները։

Ի գիտություն: Ուսումնասիրություններն իրականացվում են «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանությամբ՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսվարվող «Կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում։