20 սեպտեմբերի 2025

Համայնքը խոսում է. մասնակցային քննարկումներից դեպի կայուն ապագա

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) շարունակում են «Կլիմայական ռիսկի գնահատում Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը։

Վերջերս ԱՌՆԱՊ-ի փորձագետներն ավարտեցին կլիմայական ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման փուլը: Նպատակը պարզ էր․ ուսումնասիրել համայնքը, բացահայտել վտանգները, հնարավորությունները և կարողությունները, հասկանալ խնդիրները:

Տեղեկատվության հավաքագրումը իրականացվել է տարբեր գործիքներով և մեթոդներով. Մասնավորապես.

  • բնակչության հետ հարցում (հեռախոսազանգերի միջոցով)
  • երկրորդային տվյալների հավաքագրում (համացանց, նախկինում իրականացված հետազոտություններ և ուսումնասիրություններ, համայնքի զարգացման ծրագրեր, վիճակագրական տվյալներ, արտակարգ իրավիճակների վիճակագրություն, հիդրոօդրևութաբանական վիճակագրություն և այլ)
  • ֆոկուս-խմբային քննարկումներ
  • հարցազրույցներ վարչական ղեկավարների հետ
  • հաստատութենական աղյուսակ,
  • սեզոնային և պատմական օրացույցներ,
  • բնակավայրերի ուղղակի դիտարկում և քարտեզագրում (բնակավայրերում շրջայցի միջոցով)։

Մոնիթորինգային այցերի ընթացքում իրականացվող ֆոկուս-խմբային քննարկումներում միավորվել էին համայնքային կառույցների ներկայացուցիչների, մասնագետների ու բնակիչների։ Քննարկումները շոշափում էին համայնքի առօրյա խնդիրներն ու հնարավորությունները՝ առողջապահությունից ու կրթությունից մինչև գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, բնություն և զբոսաշրջություն։

Մասնակցային քննարկումների արժեքը

Այս հանդիպումները կարևոր հարթակ դարձան՝ որտեղ յուրաքանչյուր ձայն կարևորվեց։ Բնակիչներն ու մասնագետները խոսեցին ոչ միայն սպառնացող վտանգների և առկա խնդիրների մասին, այլև առաջարկեցին դրանց հաղթահարման հնարավոր ուղիներ։

Բացի քննարկումներից, իրականացվեց նաև համայնքի քարտեզագրում և լրացվեցին սեզոնային ու պատմական օրացույցներ։ Այս ամենը թույլ տվեց ավելի խորքային պատկեր ստանալ համայնքի ներկա վիճակի մասին։

Հավաքագրված տվյալների դերը, հետագա քայլերը

Ծրագրի ընթացքում հավաքված տեղեկատվությունը կդառնա կարևոր հիմք՝ հետագա վերլուծության և ճշգրտման համար։ Սա այն քայլն է, որը թույլ է տալիս ճիշտ գնահատել ռիսկերը և գտնել դրանց դիմակայելու արդյունավետ լուծումներ։