Համայնքների հետ քննարկեցինք արտակարգ իրավիճակներում սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման հարցերը
«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին Մարտունի, Վայք, Վարդենիս և Արարատ համայնքներում իրականացվել են մեկօրյա դասընթացներ՝ նվիրված արտակարգ իրավիճակներում սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման հարցերին։
Դասընթացների նպատակն էր ապահովել, որ համայնքների աղետների ռիսկի կառավարման խորհուրդների անդամները, միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, սոցիալական աշխատողները, ՀԿ ներկայացուցիչները և մարզպետարանների մասնագետները հստակ պատկերացնեն սոցիալական պաշտպանության և սոցիալական աջակցության տրամադրման մեխանիզմները արտակարգ իրավիճակներում՝ համայնքային արձագանքման ընդհանուր համակարգի շրջանակում։
Մեկօրյա ինտերակտիվ դասընթացները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննարկումներ։ Դասընթացի ծրագիրն իր մեջ ներառում էր հետևյալ թեմաները.
- Փորձի փոխանակում և համայնքային արձագանքի ներկայիս կարողություններ:
- Սոցիալական պաշտպանության բաղադրիչն աղետների ռիսկի կառավարման պլանում:
- Ընդունիչ–բաշխիչ կայանի կազմակերպումը / ծավալումը, այդ թվում` նաև շահառուների գրանցումը, կարիքների առաջնային գնահատումը, տեղեկատվության փոխանցման մեխանիզմները:
- Հրատապ կարիքների գնահատում (բնակիչների առաջնային կարիքները, տեղահանվածների կարիքների առանձնահատկությունները, անհայտ կորածների և ընտանիքի անդամների վերամիավորման ուսանելի մեխանիզմները):
- Արտակարգ իրավիճակներում խնամքի կազմակերպում (առանց ուղեկցողի մնացած երեխաների, տարեցների և խոցելի խմբերի անվտանգության ապահովման և խնամքի տրամադրման քայլերը)։
- Սոցիալական պաշտպանության ծրագրերի մշակում (Հրատապ արձագանք պահանջող դեպքերի համար սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորում, «Շտապօգնություն» պետական բյուջետային ծրագրի հնարավորություններն ու կիրառելիությունը):
Օրվա ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, առաջարկեցին բարելավման ուղիներ և պատրաստակամություն՝ ծրագրի շրջանակում ուսուցած մեխանիզմները կիրառելու իրենց համայնքներում։
Մասնակիցների գերատեսչական բազմազանությունը հնարավորություն տվեց քննարկել սոցիալական աջակցության կազմակերպման հարցերը տարբեր տեսանկյուններից և ձևավորել համագործակցության ավելի արդյունավետ մեխանիզմներ։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով:
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia