«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ԱԼՏԵՐ) ծրագիր
«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրն իրականացվել է՝ նպատակ ունենալով զարգացնել հանրային-մասնավոր գործընկերությունը ջրածածկումից և աղտոտումից բխող ռիսկերի նվազեցման ուղղությամբ, որոնք կարող են առաջանալ ջրամբարների կամ պոչամբարների պատվարի վնասման դեպքում։
Ծրագրի շրջանակում Եվրոպական միության փորձը, տեխնոլոգիաները և մասնագիտական հմտությունները փոխանցվել են Հայաստանին՝ նպաստելով աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը։
Ծրագրի իրականացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համայնքների, պետական մարմինների, ոչ պետական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցության ձևավորմանը։
ALTER ծրագիրը տևել է 24 ամիս (2018-2020թթ.) և համաֆինանսավորվել է Եվրոպական միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինության կողմից։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի երեք պիլոտային տարածքներում․
- Ախթալա համայնք՝ «Նահատակ» պոչամբարի պատվարի վնասման սցենարով,
- Սիսիան համայնք՝ Որոտանի հիդրոկասկադի ջրամբարների պատվարի վնասման սցենարով,
- Կապան համայնք՝ Գեղիի ջրամբարի պատվարի վնասման սցենարով։
Ծրագիրն իրականացվել է հինգ կազմակերպությունների համատեղ ջանքերով․
- Աթենքի ազգային օբսերվատորիա – Գեոդինամիկայի ինստիտուտ (գլխավոր գործընկեր),
- Կիպրոսի եվրոպական համալսարան – Ռիսկերի և գիտական որոշումների կայացման կենտրոն,
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիա – Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոն,
- Հայաստանի ամերիկյան համալսարան – Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն,
- Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամ։
Ծրագրի հիմնական աշխատանքային ուղղություններն ու արդյունքները
Իրազեկվածության բարձրացում և տեղեկատվության տարածում
Ծրագրի շրջանակում իրականացվել են իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության տարածման լայնածավալ միջոցառումներ, որոնք համակարգվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից։ Գործողությունները ուղղված են եղել ծրագրի արդյունքների հանրայնացմանը և շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմանը։
Արդյունքում՝
- մշակվել է ծրագրի հաղորդակցության պլանը,
- ստեղծվել են ծրագրի կայքը, լոգոն և բրենդային նյութերը,
- պատրաստվել և տարածվել են տեղեկատվական նյութեր, մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ և սոցիալական մեդիայի բովանդակություն,
- կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ և ամառային դպրոց՝ սկսնակ մասնագետների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատակիցների համար,
- պատրաստվել է բազմալեզու վերջնական հաշվետվություն՝ ներառելով ծրագրի ձեռքբերումներն ու քաղված դասերը։
Դիմակայունության լավագույն փորձի ուսումնասիրություն և հարմարեցում
Կիպրոսի եվրոպական համալսարանի փորձագետները սեյսմիկ ռիսկի համատեքստում ուսումնասիրել և վերլուծել են պիլոտային տարածքներում գտնվող ջրամբարների և պոչամբարների պատվարների հետ կապված միջազգային լավագույն փորձը։
Այս ուղղությամբ՝
- մշակվել է լավագույն փորձի հավաքագրման և վերլուծության հարցաթերթիկ,
- պատրաստվել է լավագույն փորձի հարմարեցման և կիրառման մեթոդաբանություն,
- համակարգվել և ներկայացվել են միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրություններ։
Համայնքների դիմակայունության բարձրացում
ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվել են դասընթացներ, սեմինարներ և համայնքային մակարդակում դաշտային վարժանքներ՝ ուղղված համայնքների և մասնավոր հատվածի միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը։
Արդյունքում՝
- ստորագրվել են հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ համագործակցության հուշագրեր,
- մշակվել է համայնքների դիմակայության բարձրացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ (այդ թվում՝ ԱՌԿ պլաններ),
- իրականացվել են վերապատրաստման դասընթացներ գործընկեր երեք համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ,
- յուրաքանչյուր համայնքում իրականացվել է մեկական դաշտային վարժանք (ընդամենը՝ 3 վարժանք)՝ նախապես մշակված սցենարների հիման վրա,
- ընդլայնվել է Սիսիան համայնքի ազդարարման համակարգի հասանելիությունը,
- Գեղիի ջրամբարի պատվարի վրա տեղադրվել են սեյսմիկ տվիչներ, իսկ դիտակետը հագեցվել է տվյալների գրանցման սարքավորումներով (համակարգիչ)` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական օժանդակությամբ։
Ծրագրի իրականացման ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամին ակտիվ աջակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Փրկարար ծառայության գլխավորությամբ։
Ռիսկերի կառավարման մեթոդների և գործիքների զարգացում
Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվել են ռիսկերի կառավարման և պատրաստվածության համար անհրաժեշտ մեթոդների, գործիքների և հմտությունների փոխանցման աշխատանքներ։
Մշակված լուծումները հարմարեցվել են Հայաստանի առանձնահատկություններին և տեղական կարիքներին։
Ծրագրի շրջանակում՝
- ներդրվել են սենսորային լուծումներ պատվարի կայունության վերահսկման և վաղ նախազգուշացման համակարգերի ինտեգրման համար,
- մշակվել է Web GIS համակարգ՝ որոշումների կայացմանն աջակցելու նպատակով,
- ընտրվել և կարգավորվել է ջրհեղեղի զարգացման կանխատեսման ծրագրային ապահովում,
- ստեղծվել են վեբ գործիքներ՝ տարահանման գործընթացների և հետաղետային մատակարարման կազմակերպման աջակցության համար։
Ծրագրի մասին ավելի շատ տեղեկատվութոյւն կարող եք ստանալ ծրագրային կաքէջից` ԱԼՏԵՐ ԾՐԱԳԻՐ
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia