Վերապատրաստվում են բուժաշխատողները
Բուժաշխատողների վերապատրաստումների շարքն ավարտված է: Վերապատրաստվեցին 150 բուժաշխատող:
Այս դասընթացներն «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամն իրականացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ` «Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրավմաների նկատմամբ զգայուն խորհրդատվության տրամադրման վերաբերյալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում:
Հաջողությամբ կազմակերպվեցին և իրականացվեցին երկու թեմայով դասընթացներ:
Առաջինը` «Սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները» թեմայով երկօրյա վերապատրաստումն էր՝ առողջապահական ոլորտի մասնագետների համար։
Ընդհանուր առմամբ անցկացվեց 3 երկօրյա դասընթաց, որոնց շրջանակներում վերապատրաստվեցին Երևանի, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մի շարք բժշկական հաստատությունների շուրջ 60 բուժաշխատող (մանկաբարձ-գինեկոլոգներ և բուժքույրեր):
Դասընթացները նպատակ ունեին բարելավել սեռական բռնության դեպքերում բժշկական օգնության կազմակերպման, տրավմայի նկատմամբ զգայուն խորհրդատվության և պացիենտների հետ հարգալից հաղորդակցության հմտությունները։ Այն ուղղված է բուժաշխատողների կարողությունների բարձրացմանը՝ ապահովելու ավելի որակյալ, ներառական և մարդակենտրոն առողջապահական ծառայություններ։
Երկօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին թե՛ տեսական, թե՛ գործնական աշխատանքներում։
Դասընթացներն ընդգրկում էին հետևյալ հիմնական թեմաները․
- Սեռական բռնության դեպքերի իրավաբանական սահմանումները և գործառույթները,
- Նախնական նվազագույն ծառայությունների փաթեթի հիմունքները՝ առողջապահական միջամտությունների համար,
- Սեռական բռնության ենթարկված կանանց ընդունման և բժշկական օգնության կազմակերպման կարգը,
- Կլինիկական վարքագծի սկզբունքները՝ դեպքի փաստաթղթավորումից մինչև բժշկական միջամտություն,
- Բռնության վերաբերյալ միֆերն ու կարծրատիպերը բժշկական ոլորտում,
- Առաջնային հոգեբանական միջամտության առանձնահատկությունները, ինչպես նաև գործնական վարժանք՝ «Բռնության պայուսակ» թեմայով։
- Քննարկվեցին հոգեբանական տրավմայի առանձնահատկությունները,
- Կազմակերպվեցին վարժանքներ՝ տրավմայի նշանների ճանաչման ուղղությամբ,
- Ներկայացվեցին հոգեկան առողջության գնահատման և հոգեսոցիալական աջակցության մեթոդներ,
Իրականացվեց դերային խաղ, որտեղ մասնակիցները գործնականում մշակեցին պացիենտների հետ աշխատանքի հմտությունները։
Վերապատրաստումն ամփոփվեց հարց ու պատասխաններով, քննարկումներով և մասնակիցների գնահատումներով։
Երկրորդ դասընթացների թեման «Տրավմազգայուն հոգեբանական հաղորդակցման հմտություններ և հուզական այրման կանխարգելում» էր, որն անցկացվեց Երևանում, Կապանում, Գորիսում, Եղեգնաձորում և Արտաշատում: Կազմակերպված 6 դասընթացի շրջանակում ներգրաված էին արդեն 90 մասնակից: Դասընթացները ներկայացված են Առողջապահական ազգային ինստիտուտին, և մասնակցած բուժաշխատողներին կշնորհվեն «Շարունակական մասնագիտական զարգացման միավորներ» (ՇՄԶ), որոնք կհաշվարկվեն հաստատված կարգի համաձայն և կներդրվեն նրանց մասնագիտական ուսուցման մատյանում:
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է վերարտադրողական առողջության ծառայությունների բարելավման, բուժաշխատողների իրազեկվածության բարձրացման և տրավմայի նկատմամբ զգայուն մոտեցումների ներդրման ուղղությամբ՝ նպաստելով վստահության մթնոլորտի ձևավորմանը առողջապահական համակարգում։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia