Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում (FORACCA)

Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում (FORACCA)

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) ծրագիրը միտված է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնմանը և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության կարողությունների հզորացմանը: Ծրագրի միջոցով Շվեյցարիան աջակցում է Հայաստանի կառավարությանը երկրի կայուն և կլիմայադիմակայուն զարգացմանը՝ անտառների վերականգնման և մոնիթորինգի, համայնքների կարողությունների զարգացման և կենսաբազմազանության պահպանության միջոցով:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի անտառների դաշինքի, որը միավորում է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնմամբ զբաղվող չորս առաջատար հասարակական կազմակերպությունների, Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտների հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) սերտ համագործակցությամբ:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամն (ԱՌՆԱՊ) այս ծրագրի շրջանակում MeteoSwiss-ի, Planval-ի, Zoï Environment Network-ի և «Շեն» ՀԿ-ի հետ միասին հանդիսանում է WSL-ի իրականացնող գործընկեր:

2025-2029թթ-ի ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամը գործունեություն է ծավալելու ՀՀ 4 խոշորացված համայնքում (յուրաքանչյուր տարի մեկ համայնքում): ԱՌՆԱՊ-ի հիմնական անելիքներն այս համագործակցության շրջանակում կայանում է.

  • կլիմայի փոփոխությանը և հարմավողականության ուղղությամբ համայնքային ամենասուր խնդիրների վերհանման,
  • և յուրաքանչյուր համայնքի համար երկուական ծրագրային փաթեթ մշակելու և համայնքին փոխանցելու մեջ:

Նշված աշխատանքներն իրականացվելու են շվեյցարական կողմի  առաջարկված մեթոդաբանությամբ, սակայն, դրանց հիմքում ընկած կլինեն ԱՌՆԱՊ հիմնադրամի նախկինում իրականացված համայնքների կլիմայական ռիսկերի գնահատման արդյունքները:

2025թ-ին ԱՌՆԱՊ հիմնադրամը Planval-ի գործընկերների հետ աշխատել է Ապարան խոշորացված համայնքում, իսկ այս տարի աշխատում է Արթիկ խոշորացված համայնքում:

Ընդհանուր առմամբ, WSL-ը և իրականացնող գործընկերները ծրագրի շրջանակում պետք է ապահովեն հետևյալ արդյունքները.

  • ՀՀ համայնքների համար 1 կմ² տարածական լուծաչափով  մանրամասնեցված կլիմայական սցենարների մշակում:
  • Հայաստանի բոլոր համայնքների կլիմայական պորտֆոլիոների մշակում:
  • «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոն»-ի մասնագիտական կարողությունների գնահատում MeteoSwiss-ի կողմից:
  • Հայաստանի բուսածածկույթի հեռազննման տվյալների վերլուծություն:
  • Հայաստանի անտառների կողմից տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների, անտառների վրա կլիմայի փոփոխության ակնկալվող ազդեցությունների վերլուծություն և կլիմայադիմակայուն անտառկառավարման վերաբերյալ առաջարկությունների մշակում:
  • Հայաստանի անտառների և կլիմայահեն կառավարման համակարգի վերլուծություն և կայուն քաղաքականությունների խթանմանն ուղղված առաջարկությունների մշակում:
  • Կլիմայադիմակայուն զարգացման վերաբերյալ ուսումնական նյութերի մշակում՝ կլիմայի փոփոխության և հարմարվողականության մասնակցային աշխատաժողովների անցկացման համար։
  • Համայնքների աշխատակիցների համար կլիմայի փոփոխության և հարմարվողականության առցանց դասընթացի մոդուլների մշակում: